Tuesday, 27 January 2015

Հայկական տարազ

—  Այս նյութի նպատակն է  պատմել  մեր տարազի կիրառության, գույների և նշանակության մասին: Այսօր շատերը չեն հասկանում տարազի նշանակությունը, այդ իսկ պատճառով էլ ես, որոշեցի ներկայացնել հետևյալ թեման: Այս նյութը պատրաստելիս ես օգտվել եմ Microsoft PowerPoint, Microsoft office 2007 ծրագրերից: 
Տարազը, մարդկանց կյանքի համար կարևոր  այլ բաղադրիչների հետ մեկտեղ, կենցաղի և մշակույթի կամ, այսպես ասված`<<կենսապահովման մշակույթի>> ավանդականությամբ բնութագրվող տարրերից է:
Ավանդական տարազը <<մարդու ցեղային, դասային, սեռային պատկանելիությունը ցուց տվող անձնագիր է, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ>>: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով յուրահատուկ էթնիկական ցուցիչ է, որը կապված լինելով տվյալ էթնիկական ընդհանրության ծագման, զարգացման, պատմական ճակատագրի, որոշակի բնակլիմայական միջավայրի հետ, արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունն ու ազգային խառնվածքի որոշ առանձնահատկություններ:
Առօրյա կամ առտնին հագուստը հարմարեցվել է տվյալ տարածքի բնակլիմայական, էթնիկական միջավայրին: Սոցիալական խավերի տարազային համալիրի  տարբերություններն արտահայտվել են ինչպես կարի որակով , այնպես էլ պարտադիր և պատվաբեր, հարգի համարվող տարազամասերի առկայությամբ կամ բացակայությամբ:


Ավանդական տարազն ինչ-որ չափով ունի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգագավառին  հատուկ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում գրված, կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական  բարքերից: Հագուստը սերտորեն կապված է նաև էթնիկական ընդհանրության հոգեկան կերտվածքի առանձնահատկությունների հետ:
Հագուստի առտնի տարբերակը ընկած է տոնածիսական հիմքում, որոշ առանձնահատկություններով հանդերձ, հաճախ հագուստի հնացած տոնական տարբերակը կիրառվում է առօրյայում:
Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, այն համարվել է բարեկեցության գրավական: 
Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային  և գոտիական: Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։

Կանացի հայկական տարազ
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ , բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։
Մուշ-Տարոն
Կանանց տարազ
Աղջիկներ: Գլխին գցում են 8սմ երկ. Քառակուսի ճերմակ կերպաս կամ սպիտակ անիվնները նախշուած եազմաս / դաջազարդ գլխաշոր /, եռանկյունաձև ծալուած և  ծոծրակի վրայ հանգուցուած:
Մազերը 7-8 հյուսք էին անում: Ծայրերն ամրացնում էին ծամթելով, մետաքսե դայթանով, կամ դայթանի վրա կախուած արծաթե մահիկների շղթաներով:
Կանայք: Հարսերը երկու հյուս էին անում, իսկ ծերերը`մեկ հյուս: Ֆէսի մեջ դնում են 8-10 սմ լայնությամբ փայտե շրջանակ` ամրացրած բարձիկի վրա, որպեսզի գլուխը չցավի:


Հագնում էին շապիկ, շապիկի վրայից հագնում էին անթարի , կարում են հալէպ: Փեշը երկու կողմէն վար ճեղքուած և շրջապատված դայթանով և 4սմ կապույտ կտորով-սըճև: Ճեղքը կոչվում է չաք: Թևերը` մինչև դաստակը, վարը` փոքր չափ, երիզուած դայթանով:
Անթարու վրա հագնում են գործուած կամ մահուդից կարուած գոգնոց: Գոտիից մինչև վար է երկարում:



—  Տղամարդիկ 18-19 տարեկան` մազերը կտրած են, միայն ճակատի մեջղից մեկ փունջ են ձգում` պուպուշիկ, ականջների մեջ փունջ են թողնում- գուլակ, 1 փունջ էլ թողնում են գագաթի մեջտեղում` բռջամ, որը հաճախ երկարում է մինչև ուսերը:
Շալվարը տեղական բրդե կերպաս թումբանի նման է, միյայն մի քիչ` լայն: Փողերի ծայրին կարում են դայթան, շալվարի մեջ դնում են շապիկի փեշերը:


Վասպուրականի տարազ

Ընդգրկում է Շատախը, Վանա լճի շրջակայքը, Մանազկերտը, Սասունը: Իշխող գույնը կարմիրն է: Կանանց և աղջիկների գլխի հարդարանքը տարբերվել է: Աղջիկները կրել են ֆեսանման գլխակներ՝ բազմաթիվ զարդերով: Պարանոցը, կուրծքը և բազուկները զարդարվել են մի քանի շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Կանանց գլխի հարդարանքը հետևյալն է. երկու՝ իրարից անջատ գլաններ և 3-5 գլխաշոր: Այս տարազում պահպանվել է քթի արծաթի զարդը(այն պիրսինգի հետ որևէ կապ չունի): 
Տղամարդկանց ներկայությամբ կանայք իրենց բերանը փակել են բերանակալով: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը: Գոգնոցը կարճ է և տոնական՝ զարդարված բուսական նախշերով: Հարուստ կանանց գոտու ճարմանդի վրա եղել է Նար աստվածուհու(ջրերի աստված՝ Ծովինարի) խորհուրդը:


Տարազի գույները

  • Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացիու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը:
    Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք:
    Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով: Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով: Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի: Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների` քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ:

Մեր այսօրվա հագուստը խիստ տարբերվում է մեր նախկին հագուստներից` և տեսքով, և հարմարավետությամբ: Մենք դարերի ընթացքում փոխեցինք մեր մտածելակերպը, ոճը և նախընտրեցինք այլ մշակույթը, այսինքն հիմա հագնում ենք այն հագուստը, որն ավելի շատ  նախընտրում են հագնել օտարերկրացիները: Իմ կարծիքով, մենք չպետք է մոռանանք մեր տարազները, քանի որ նրանք ունեն մշակութային մեծ արժեք և համարվում են մեր պատմության մի մասը:


Հղումները և օգտագործված գրականությունը`
Հեղինէ Փափազեան- Հայկական տարազ

No comments:

Post a comment